Էմիլիի արկածները

Էմիլի արկածները (hատված)

                                                                            Աստրիդ Լինդգրեն

մաս 1-ին

 Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

    Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:

    Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …

— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:

Читать далее «Էմիլիի արկածները»

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

«Սուրբ Ծննդյան հեքիաթ». Պաուլո Կոելիո

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:


Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Հացի փշուրի մասին ավանդապատում

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համարանտեսանելի մի հրշետակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար  ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ.Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

-Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքեր

  1. Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:
  2. Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:
  3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

Խորամանկ –
Սխալ –
Ավել –

Ծեր –
Մոտենալ –

4․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ

5․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Նրանք շատ միամիտ ….. էին:

Գյուղամիջում մի ….. կար:

Եկեղեցու բակում մոշի մի ….. էր աճում:

Մաս 2

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

-Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:

-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

-Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:

Խորհրդականներն ուրախությունից  ծափ են տալիս:

-Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

— Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

-Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

-Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: — Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանել տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.

Իրարանցում-

Նշմարել-

Շվարել-

Աղետ-

2․ Ինչպիսի՞ն էին բալզաթցիները.

3․ Պատմի՛ր գյուղի առաջնորդի մասին.

Խուլի այծերը.ԱԹաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

Ա՛յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

  1. Հեքիաթի դեպքերը հեթրով թվի՛ր։
    ․ Խուլը կորցնում է այծը։
  2. Նկարի՛ր հեքիաթի որևէ նախադասություն։
  3. Շարունակի՛ր՝ օգտվելով հեքիաթի բառերից ու արտահայտություններից։
    Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։

Շոկոլադե ճանապարհը. Ջանի Ռոդարի

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

  Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
— Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
— Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
— Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
—  Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:        Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել:         Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:


Հարցեր և առաջադրանքներ


Ինչպիսի՞ն էր տարօրինակ ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:
Ի՞նչ արեցին եղբայրները, երբ տեսան շոկոլադե ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:
Ո՞վ օգնեց եղբայրներին:
Պատմի՛ր քաղցրավենիքից պատրաստված տան մասին:
Կազմի՛ր բառակապակցություններ: Ամենածիծաղելի բառակապակցությունը նկարի՛ր:
ալարկոտ   անձրև
գունավոր     գիրք
համեղ   աթոռ
երգող   ավտոբուս
լացկան   արև

Հիմա ինքդ ծիծաղելի բառակապակցություններ կազմի՛ր:
բարկացած
կատակասեր
քնկոտ
սպիտակ
խելացի

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում:

 Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:

-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չիտանում: Դրանով քայլելն անիմաստ է:

-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:

-Ոչ մի տեղ էլ չես հասնում:

-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:

-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:

-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:

-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…

-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:

Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէր նեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:

Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքը բռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝ շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրա փոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանակ անձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել:

 Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը  ճանապարհի վերևում միանում էին. կարծես մութ ու խոնավ թունել լիներ, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին և ասես լապտերի լույսով լուսավորում ուղին:

Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզր էր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ է վերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:

,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:

Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջ ընկավ՝ ամեն քայալփոխին հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:

-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:

Վերջապես անտառը սկսեց նոսրանալ , վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհը վերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:

Մարտինոն նայեց ցանկապատի արանքից  և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներն ու պատուհանները  լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկ պատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբ կանչում.

-Արի, արի, Համառ Մարտինո:

-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ու տես, ինձ ճանաչում է:

Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեց գեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլոր տեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր և ծիծաղելով հարցրեց.

-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:

-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:

-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:

-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:

-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամ ամրոցը:

Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կային ադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.

-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդ տանել:

Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահում էր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:

Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան:  Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկու անգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներ բաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին:  Նա ստիպված էր մի հարյուր անգամ պտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էր վազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:

Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ ծառերի կամ փշոտ մացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:

. Բնութագրի՛ր Մարտինոին:

Մարտինոն շատ համառ, ինքնավստահ էր:

  1. Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:
  2. Մեկնաբանի՛ր այս միտքը՝ <<Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը>>:

Սուրբ Ծնունդի ծառ

Շատ-շատ տարիներ առաջ Բեթղեհեմ քաղաքում ծնվեց Հիսուս Քրիստոսը: Մարդիկ շատ ուրախացան և ամեն կողմից եկան`տեսնելու մանուկ Հիսուսին` նրան նվերներ բերելով:

Հիսուսի տան մոտ 3 ծառեր էին աճում` արմավենին, թթենին ու եղևնին: Երբ շոգն ընկավ, արմավենին պարզեց իր լայն տերևները, որ հով անի Հիսուսին: Թթենին իր տերևները տվեց, որ նրա համար փափուկ անկողին պատրաստեն:

-Իսկ իմ տերևները փշոտ են: Ես ոչինչ չունեմ մանուկ Հիսուսին տալու,- մտորեց եղևնին ու սկսեց լաց լինել:

Երբ մթնեց, ու երկնքում վառվեցին աստղերը, նրանք որոշեցին  օգնել եղևնուն: Կամաց – կամաց աստղիկները ներքև իջան, նստեցին եղևնու ճյուղերին, և նա սկսեց փայլել ու շողշողալ: Երբ փոքրիկ Հիսուսն արթնացավ ու տեսավ փայլփլող ծառը, շատ ուրախացավ: Դա եղավ ամենագեղեցիկ նվերը Հիսուսին:

Այդ օրից սկսած` եղևնին դարձավ Ամանորի ծառ, Սուրբ Ծնունդի ծառ: