«Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում մայիսի 10-ին առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Ուսումնական պլան, կետ 29
Վայրը՝ Արևմտյան դպրոցի փակ լողավազան
Օրը՝ մայիսի 10
Ժամը՝ 10:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողներ
Մարզիչ՝ Քրիստինա Հարությունյան
Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:
Նպատակը՝
Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Խնդիրները
- նախապատրաստվել լողին (դասավորել ուսապարկը, հանել-հագնել հագուստը, ընդւնել ցնցուղ, կատարել նախավարժանք),
- լողալու կարողությունների ցուցադրություն, արդյունքների արձանագրում,
- մարզական կարողությունների (քայլք, նախավարժանք) ցուցադրում,
- ինքնուրույնության, ինքնասպասարկման ու խնամքի հմտությունների ցուցադրում:
Լողուսուցման փուլերն են՝
- Համապատասխան ուսապարկում դասավորել լողի համար անհրաժեշտ պարագաներն ու իրերը.
- Քայլք մինչև լողավազան.
- Նախապատրաստում լողին, որն իր մեջ ներառում է զգեստափոխվելը, նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը,
- Լողը,
- Լողալուց հետո ցնցուղ ընդունելը, հագնվելը:
Կազմակերպում
Լողի ստուգատեսը կազմակերպվում է մի քանի փուլով: Առաջին փուլը նախապատրաստական է: Այս փուլի ընթացքում սովորողները տանը պատրաստում են փոքրիկ տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ կա իրենց լողի ուսապարկում: Տեսանյութերը հրապարակվում են դասվարի բլոգում:
Լողի ուսապարկում անհրաժեշտ է ունենալ՝
- լողազգեստ, լողաթափ
- սրբիչ
- գլխարկ ու մազակալ՝ աղջիկների համար
- լրացուցիչ հագուստ (շապիկ, գուլպա, վարտիք, այլ)
- թաց ու չոր անձեռոցիկներ
- ձեռնոց, աղբի տոպրակ
- արևային եղանակին՝ արևապաշտպան գլխարկ, ակնոց,
- անձրևային եղանակին՝ համապատասխան հագուստ ու կոշիկներ
- շշով ջուր:
Լողի ստուգատեսի երկրորդ փուլում առաջին դասարանցիները ըստ լողի պարապմունքի ժամանակացույցի մասնակցում են ստւգատեսին: Սովորողները լողի համար անհրաժեշտ պարագաների ուսապարկով կրտսեր դպրոց-պարտեզից քայլքով անցնում են մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան ճանապարհը՝ ցուցադրելով քայլքի իրենց հմտությունները: Քայլքի ընթացքում կարող են հաշվել ժամանակը, քայլերի քանակը, այլ: Ընթացքը կարող է նաև ուղեկցվել բերանացի ընթերցումներով, երգերով, ճանապարհի դիտարկումներով, անհրաժեշտության դեպքում հավաքում են աղբը: Ընթացքը տեսանկարահանվում է, ներկայացվում է տեսաֆիլմի տեսքով:
Ստուգատեսի երրորդ փուլում սովորողները զգեստափոխվում են, իրերը դասավորում են համապատասխան արկղիկներում, ընդունում են ցնցուղ, կատարում են նախավարժանք:
Չորրորդ փուլում լողում են լողավազանում՝ ի ցույց դնելով իրենց ձեռք բերած հմտությունները:
Լողի ցուցանիշները
- Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ կրծքի վրա
- Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ մեջքի վրա
- Շնչառական վարժություն՝ 2-4 վրկ.
- Ազատ ոճի լող:
Արդյունքները գրանցվում են սովորողի զարգացման բնութագրում: Տեսաֆիլմերը հրապարակվում են դասվարի բլոգում՝ կից մեկնաբանությամբ: