Ուսումնական ամառ 2025

Ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ
Իրականացման վայրը՝ ընտանեկան դպրոց

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ զարգացնել ընթերցելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Աշխատանքային ուղղություններ՝

  1. Ամառային ընթերցանություն

Գիրքը կախարդական բանալի է, որը բացում է արկածներով լի դռներ։ Երբ կարդում ես, կարող ես թռչել հեքիաթային աշխարհներ, հանդիպել խելացի հերոսների, լուծել հանելուկներ և սովորել նոր բաներ՝ առանց տանից դուրս գալու։

Գիրքը քո լավագույն ընկերը կարող է դառնալ՝ նա երբեք չի ձանձրացնում։ Որքան շատ կարդաս, այնքան խելացի կդառնաս՝ բառեր, մտքեր, պատմություններ քեզ մոտ կթռչեն ինչպես թիթեռներ։
Կարդալը օգնում է երազել, ստեղծել, հասկանալ՝ ինչպես լինել բարի, ուժեղ ու իմաստուն։
Ամռանը՝ արևի տակ, հովի տակ, պաղպաղակի հետ, վերցրու գիրք՝ և ամեն օր քեզ մի նոր հրաշք սպասում է։

Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը /կամ էլ քո նախընտրած գիրքը/ և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Читать далее «Ուսումնական ամառ 2025»

Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները. տեսադասերի փաթեթ

Բլոգ բառն առաջացել է անգլերեն blog, web log (վեբ և գրանցում) բառերից: Բլոգը մեդիատարածք է, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ: Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։  (Վիքիպեդիա՝ազատ հանրագիտարան)«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական բլոգն արդեն երկար տարիներ ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչներից մեկն է: Բլոգը որպես անհատական ուսումնական գործիք լայն հնարավորություններ է տալիս ոչ միայն սովորողին, այլև ծնողին, ուսուցչին: Փորձեմ իմ դիտարկումներից մի քանիսն առանձնացնել` որպես հիմնավորում.

  •  Ուսումնական բլոգը մեդիապահոց է, որտեղ հավաքվում են ոչ միայն սովորողի ուսումնական, այլև նախասիրություններն ու հետաքրքրությունները բացահայտող աշխատանքները, որոնք բլոգի այցելուին հնարավորոթյուն են տալիս սովորողին ավելի լավ ճանաչելու:
  • Տարիքային առանձնահատկությունից կամ խառնվածքով պայմանավորված կան սովորողներ (հատկապես այլ դպրոցից տեղափոխված), ովքեր դժվարանում կամ խուսափում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, մտքերը: Իսկ բլոգն այն հարթակն է, որը թույլ է տալիս ազատ, առանց կաշկանդվելու արտահայտել մտքերն ու կարծիքները, ներկայանալ ոչ միայն գրավոր, այլև ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:
  • Որպես բաց տարածք՝ ուսումնական բլոգը տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ բոլոր-բոլորին, ինչն էլ տեսանելի է դարձնում սովորողի աճը, զարգացումը:
  • Այցելուների առկայությունն ու արված աշխատանքի խրախուսումը (դասարանական բլոգում, ենթակայքում կամ կրթահամալիրի կայքում հրապարակելու հնարավորությունը) բլոգավար սովորողի մեջ ավելացնում են պատասխանատվության զգացումը՝ անընդհատ նոր ու հետաքրքիր հրապարակումներ անելու համար:

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ավելի ակնառու դարձան ուսումնական բլոգների առավելությունները: Ակտիվ բլոգերներ էին ո՛չ միայն սովորողները, այլև ընտանիքի անդամները: Ընտանեկան դպրոցում ստեղծված ուսումնական նյութերը ավելի գրավիչ դարձրեցին սովորողների բլոգները: Բլոգը գործածելու հմտություններ յուրացրեցին նաև ծնողները, հարազատները:

Ինչպես գիտենք, կրթահամալիրյան բլոգների մեծ մասը wordpress.com հարթակում են ստեղծված: Վերջին շրջանում հարթակի հաճախակի փոփոխությունները դժվարություններ են առաջացրել բլոգների կիրառման համար: Քանի որ 2025-2026 ուսումնական տարվա 3-րդ դասարանցիների համար նոր բլոգներ պետք է ստեղծեինք, Հերմինե Անտոնյանը, ուսումնասիրելով edublogs կրթական բլոգային հարթակը, խորհուրդ տվեց օգտվել տվյալ հարթակից:

Որպես պատասխանատու՝ փորձեցի ինքս ծանոթանալ բլոգային հարթակի հնարավորություններին, յուրացնել բլոգը գործածելու հմտությունները, որպեսզի սովորողներին փոխանցեմ: Նշեմ, որ հարթակը շատ հետաքրքիր և մատչելի է: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ հաճույքով ստեղծեցի ուսումնական տեսադասերի փաթեթը:

Ուսումնական տեսադասերը նախատեսված են Edublogs.org  բլոգային կրթական հարթակում բլոգի ստեղծման և բլոգային հնարավորությունների յուրացման համար:

Читать далее «Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները. տեսադասերի փաթեթ»