Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն: Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը: Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը: Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ: — Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը: — Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը: — Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս: — Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ: Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչպիսի՞ն էր տարօրինակ ճանապարհը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: Ի՞նչ արեցին եղբայրները, երբ տեսան շոկոլադե ճանապարհը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը: Ո՞վ օգնեց եղբայրներին: Պատմի՛ր քաղցրավենիքից պատրաստված տան մասին: Կազմի՛ր բառակապակցություններ: Ամենածիծաղելի բառակապակցությունը նկարի՛ր: ալարկոտ անձրև գունավոր գիրք համեղ աթոռ երգող ավտոբուս լացկան արև
Հիմա ինքդ ծիծաղելի բառակապակցություններ կազմի՛ր: բարկացած կատակասեր քնկոտ սպիտակ խելացի