Խուլի այծերը.ԱԹաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

Ա՛յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

  1. Հեքիաթի դեպքերը հեթրով թվի՛ր։
    ․ Խուլը կորցնում է այծը։
  2. Նկարի՛ր հեքիաթի որևէ նախադասություն։
  3. Շարունակի՛ր՝ օգտվելով հեքիաթի բառերից ու արտահայտություններից։
    Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։