Այս շաբաթ սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծության հետ և սկսեցինք ծանոթանալ «Սար» բառին։ Վանկատեցինք և հեգեցինք «Սար» բառը, կարդացինք այն և որոշեցինք բանաստեղծությունը նկարել աղի վրա։Աղի հետ աշխատանքը զարգացնում է նաև մանր մոտորիկան։Համատեղեցինք բոլոր օգտակար գործունեության ձևերը և աղի վրա գրեցինք «Սար» բառը։
Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս, վրա- տակ, մեջտեղ, երկար, կարճ, հաստ, բարակ, մեծ, փոքր հասկացություններին:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։
Երկուշաբթի
08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում
09:00-09:15 -Առավոտյան ընդհանուր պարապմունք 09:20-10:05 — Երգ ՝ Արմենուհի Սոկրատունու հետ 10:10-10:55- Հովհաննես Թումանյան « Ամպն ու սարը» ստեղծագործության ծանոթացում, զրույց-ամփոփում, Ս և Ա տառերով բառերի թվարկում, վանկատում և հեգում 11:00-11:45-Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, զույգ և կենտ թվեր, առարկաների համեմատում/, հարևան թվեր, 1-ով ավել, 1-ով պակաս,ծանոթանում ենք 5 և 6 թվերի աշխարհին
Հոկտեմբերի 11-ին սովորողների հետ ճամփորդություն ունեցանք դեպի Կարբի գյուղ, որտեղ խնձորի այգում կատարեցինք բերքահավաք, մի լավ խնձոր համտեսեցինք ու մեզ հետ խնձորի բավականին մեծ քանակ բերեցինք Հյուսիսային դպրոց, որպեսզի «Ուսումնական մառան» նախագծի շրջանակում չիր պատրաստենք։Նախապես արդեն սովորողների հետ խոսել էինք չիր պատրաստելու մասին, խոսել տարբեր չրի տեսակների մասին և մտովի համտեսել։
Ինչպես որոշել էինք, այդպես էլ արեցինք՝ հանդիպեցինք Ընկեր Լիաննայի երկրորդ դասարանի սովորողների հետ և միասին սկսեցինք չիր պատրաստելու մեր գործընթացը։
անհամբեր սպասում ենք , որպեսզի չիրը պատրաստ լինի և համտեսենք։
Այսօր ուրբաթ է, իսկ դա նշանակում է, որ մենք լողում ենք։Լողի ենք գնում քայլքով, ուրախ տրամադրությամբ՝ երգելով և արտասանելով, իսկ թե լողավազանում ինչ ոգևորություն է սկսվում, դիտեք տեսանյութում։
Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023 -ի ընթացքում << Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում կրկին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Կարինեի երրորդ դասարանի սովորողների հետ, և այս անգամ աշխատեցինք word ծրագրով։Ես նախապես սովորողներին ծանոթացրել էի word ծրագրի գործիքներին, իսկ երրորդ դասարանի սովորողները օգնեցին, որպեսզի առաջին դասարանի սովորողները առաջին անգամ մուտքագրեին word ֆայլի մեջ՝ գործածելով բոլոր գործիքները։Միասին մուտքագրեցին 1-10-ը թվերը, մեծացրեցին, փոքրացրեցին, ինչպես նաև գունավորեցին ու վերջում կատարեցին գումարման և հանման գործողություններ։Ընթացքը և արդյունքը շատ ոգևորիչ էր։
Հոկտեմբերի 11-ին Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողներն իրականացրեցին իրենց առաջին ճամփորդությունը, որն այդքան շատ սպասված էր։ Ուղևորվեցինք Կարբի գյուղ՝ խնձորի այգիներ։Նախապես սովորողների հետ խոսել էինք ճամփորդության մասին, գիտեին, որ գնում ենք խնձորի այգի բերքահավաքի, և բոլորը ոգևորված սպասում էին ժամանելուն։Դասարանում կատարել էինք բոլոր նախապատրաստական աշխատանքները, խոսել էինք խնձորի տեսակների մասին, դրանց պահպանման ձևերի, օգտակարության և դրանից պատրաստվող ուտեստների մասին։Իհարկե նաև խոսել էինք խնձորի չրի մասին, որը պետք է պատրաստեինք բերքահավաքից հետո։ Սովորողները նաև ծանոթացել էին ճամփորդության կանոներին և ճամփորդական պայուսակի պարունակության հետ։
Ճամփորդության մեկնարկը տվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։Ինչպես միշտ լուսանկարվեցինք և ճամփա ընկանք։ Ճանապարհին սովորողները տարբեր դիտարկումներ էին կատարում և անհամբեր էին։Ընթացքում հասցրեցին հաշվել ճանապարհի բոլոր այգիները։ Այգի ժամանելուն պես սովորողները միանգամից գործի անցան՝ նախ համտեսելով ախորժելի խնձորները, իսկ հետո՝ խնձորներ հավաքելուն։ Բերքահավաքի ընթացքում այգու շատ հյուրընկալ սեփականատերը ևս մեզ պատմեց այգու խնձորների տեսակների, ճիշտ հավաքելու, տեսակավորելու և սառնարանում պահպանելու մասին, ինչպես նաև սովորողներին ոգևորեցին էլ ավելի մեծ եռանդով բերքահավաք կատարելու։ Սովորողները այնքան խնձոր էին համտեսել, որ նույնիսկ չէին ուզում նախաճաշել։ Բավականին խնձոր հավաքելուց հետո կազմակերպեցինք խնձորախաղեր, երգեցինք և գովեցինք խնձորի տեսակները։ Մի փոքր հանգստանալուց հետո բերքահավաքը շարունակվեց։Սովորողները այնքան էին հավանել այդ ամբողջ ընթացքը, այգին, որ չէին ցանկանում այգուց դուրս գալ։Կարծում եմ, որ բոլորի համար շատ տպավորիչ և անմոռանալի օր ստացվեց։Սովորողների և իհարկե նաև մեր ոգևորությունն ու ուրախությունը տեսեք տեսանյութերում՝
Կրկին լողի ենք և դեպի փակ լողավազան գնում ենք քայլքով, մարզվելով, երգելով, զրուցելով։Սովորողները սկսել են ավելի ինքնուրույն դառնալ, հոգատար լինել միմյանց նկատմամբ, իսկ լողի հմտություններն ամեն շաբաթ ավելանում են։
Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023 -ի ընթացքում << Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողների հետ։Առաջին դասարանի սովորողները արդեն իսկ ծանոթ էին paint ծրագրի գործիքներին, սակայն երկրորդ դասարանի սովորողների օգնությամբ ավելի ամրապնդեցին իրենց կարողությունները և նկարեցին աշուն։Իհարկե այս նախագիծը միշտ հաջողված է, քանի որ սովորողը սովորողի հետ շատ մեծ հավեսով է համագործակցում։
Սովորողների հետ ծանոթացանք երկրաչափական մարմիների տեսակների հետ, նկարեցինք, դասարանում առանձնացրեցինք բոլոր երկրաչափական պատկերները, այնուհետև գունավոր թղթերից կտրատեցինք դրանք՝ ամրապնդելով ոչ միայն երկրաչափական պատկերների իմացությունը, այլև զարգացնելով տեխնոլոգիական հմտությունները՝ մկրատով, թղթով և սոսինձով աշխատելու հմտությունները։