Ընթերցարան

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
              «Հերիք է, ասավ,
              Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Արևն էլ չի երևում.
              Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Ո՛չ նապաստակ է վազ տալի,
              Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
              «Ի՜նչ լավ է, ասավ,
              Ո՛չ որսորդ է ման գալի,
              Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Մենակ ես եմ որ անքուն
              Քեֆ եմ անում երկնքում»։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի

Ջ. Ռոդարի, «Ա՛յ քեզ շաբաթ»

Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Աթաբեկ Խնկոյան․Մուկը մկան խնամի կլինի

Մուկն ուզում էր աղջկան պսակել, բայց չգիտեր՝ որ ուժեղին ընտրեր իրեն փեսա: Գալիս է արևի մոտ.

-Արև, ինչ ուժե՜ղ ես:

Արևը թե՝

-Ամպն է ուժեղ:

Գալիս է ամպի մոտ: Ամպը թե՝

-Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

-Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

-Մուկն է ուժեղ:

-Որ էդպես է,-ասում է,- ամենից ուժեղը մուկն է էլի, իմ աղջկան էլ նրան կտամ

Աթ. Խնկոյան «Մուկն ու կատուն»

Կատուն մկին
Ասաց․- Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս,
Հազար թուման
Փող կստանաս։
Պատասխանեց
Մուկը կատվին․
— Չեմ արժանի
Էդ մեծ պատվին․
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րճ,
Շատ լավ գիտեմ
Փորի«դ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը։

Աթաբեկ Խնկոյան. Ծիածան

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

«Էս էն է» Հովհաննես Թումանյան

ԷՍ ԷՆ Է

1.
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3.

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4.

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

6.

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

7.

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

8.

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

9.

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

10.

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

11.

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Աթաբեկ Խնկոյան — «Չորս եղանակ»

Թե գարուն է նախշ – նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բերում,
– Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:

Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար,
– Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:

Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
– Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:

Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
– Փաթիլ, փաթիլ, փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:

Ջանի Ռոդարի | Մուկը, որը կատուներ էր ուտում

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:
-Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք,- ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:-Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես,- հառաչեցին նրանք:-Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:-Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:-Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:-Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:-Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան… Իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք:-Ի՞նչ ես ասում…-Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:-Իսկ շու՞նն ինչ համ ունի:-Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել:-Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:-Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով:Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:-Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:-Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…-Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:-Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:-Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s