Աթաբեկ Խնկոյան․բանաստեղծություններ

Լուսին, լուսին, լուսերես
Ա.Խնկոյան

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Գիշեր
Ա.Խնկոյան

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

 «Մուկն ու կատուն»

Ա.Խնկոյան

Կատուն մկին ասավ,

— Անգին, թե այդ ծակից

Այս ծակը գաս՝

Հազար դրամ

Փող կստանաս:

Պատասխանեց

Մուկը կատվին.

— Արժանի չեմ

Այդ մեծ պատվին,

Ճամփեն կարճ՝

Ծախսը շատ:

Լավ գիտեմ

Փորիդ ցավը,

Պա՞պս է տեսել

Կատվի լավը:

Ծիածան

Աթաբեկ Խնկոյան.

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

Խխունջն ու սունկը

Աթաբեկ խնկոյան

Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:

Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել: